Արցախում մտադիր են ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ․ Նախագիծ կա

Արցախում մտադիր են ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ․ Նախագիծ կա

PanARMENIAN.Net - Արցախում մտադիր են պաշտոնական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին՝ Ազգային ժողով է ներկայացվել «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ Այն հրապարակվել է Արցախի ԱԺ կայքում։

Ըստ նախագծի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուները կլինեն գրական հայերենը և ռուսերենը:

Նախագծում նշվում է, որ ԼՂՀ-ն «խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»։

Այն ստորագրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվին պետականի կարգավիճակ տալու մասին լուրերը, հայտարարել էր, որ Ռուսաստանը ողջունում է ռուսաց լեզվի կիրառումն այլ երկրներում, սակայն լեզվին պետական կարգավիճակ տալու որոշումը այդ երկրների ներքին գործն է։

Մինչև այդ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտնել էր, որ Արցախի ԱԺ-ում օրենքի նախագիծ է մշակում, ըստ որի՝ հայերենից հետո ռուսերենը կլինի երկրորդ պետական լեզու։ ԱՀ Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու քննարկումներ այս պահին տեղի չեն ունենում։

Դեռևս 2020թ․ օգոստոսին նախագահի այն ժամանակվա խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ Արցախում մտադիր են ավելացնել հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերենով հաղորդումների եթերաժամանակը և ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ