Հարությունյան․ Ի հեճուկս տարբեր խոսակցությունների՝ Արցախը չի հրաժարվի անկախության ճանապարհից

Հարությունյան․ Ի հեճուկս տարբեր խոսակցությունների՝ Արցախը չի հրաժարվի անկախության ճանապարհից

PanARMENIAN.Net - ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից։ Այդ մասին նա խոսել է ԱՀ ՊԵԿ աշխատակիցների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատև ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:

Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները:

Նախագահ Հարությունյանը կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը և պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը բռնազավթված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը իշխանությունների օրակարգի կարևոր հարցերից է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---