Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատել հայ գերիներին

Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատել հայ գերիներին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին»,- նշված է տեքստում, մեջբերում է Sputnik Արմենիան:

Կոչի հեղինակները շեշտում են, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային այլ վերաբերմունք:

«Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր տեղեկատվություն տրամադրել անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ կալանավորվածներին՝ 2020-ի նոյեմբերի 10-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի դրույթների համաձայն»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ ՄԻԵԴ-ը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներ է ստացել։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան, նրանց հստակ թվի մասին, սակայն, տվյալներ չկան։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---