ՄԻՊ․ Արբեջանցիների ապօրինի ներկայությունը Սև լճում հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու անհրաժեշտությունը

ՄԻՊ․ Արբեջանցիների ապօրինի ներկայությունը Սև լճում հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Արբեջանցի զինվորականների անօրինական ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը։ Այդ մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

«Ըստ ահազանգերի՝ ադրբեջանցի զինվորականներին նկատել է Գորիս համայնքի Վերիշեն գյուղի հովիվը իր մակատեղիից, որտեղ պահվում են մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Ահազանգերով նշվել է, որ հովիվի մակատեղին գտնվում է բնակիչների կողմից մշտապես օգտագործվող արոտավայրի տարածքում՝ Սև լճից դեպի Վերիշեն քաղաքացիական բնակավայրն ընկած խորության վրա, իսկ Սև լիճն ինքնին գտնվում է ՀՀ տարածքում:Ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: ՄԻՊ-ը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:

Դրանից բացի, ըստ հաստատման՝ ադրբեջանական զինվորականները տեղակայվել են Սև լճից դեպի քաղաքացիական բնակավայրերն ընկած տարածքում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ այս անօրինական առաջխաղացումը պետք է դիտարկել Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջական զինված ծառայողների կողմից հայաստանյան քաղաքացիական մեքենայի վրա քարեր նետելու, Արավուս գյուղի մոտ հայ հովիվին քաշքշելու և հարվածելու, գյուղացիների մանր ու խոշոր եղջերավոր կենդանիները չվերադարձնելու և մյուս նման միջադեպերի համատեքստում: Այս արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող ատելության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Դա վնասում է խաղաղության գործընթացները տարածաշրջանում:

ՄԻՊ-ն այս հայտարարությունը կուղարկի միջազգային մարմիններին՝ արձանագրումով այն մասին, որ նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:

«ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու մարզի համայնքները միավորող ճանապարհներին գտնվող ադրբեջանական զինվորականները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն:

Անվտանգության գոտին բացարձակ անհրաժեշտություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը երաշխավորելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ> տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---