19 մայիսի 2021 - 10:25 AMT
ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակում աջակցություն է առաջարկել է Բաքվին և Երևանին սահմանազատման հարցում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները մայիսի 18-ին քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն ՀԱՊԿ շրջանակում աջակցություն է առաջարկել է Բաքվին և Երևանին սահմանազատման հարցում:

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակում հանդես է եկել սահմանազատման և սահմանագծման հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք երեկ արդեն ոչ ֆորմալ ձևաչափով սկսել ենք ՀԱՊԿ ԱԳ նախարարների աշխատանքը։ Մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը և ըստ այդ խնդրանքի քննարկել ենք իրավիճակը Երևանի և Բաքվի հարաբերություններում։ Ըստ կողմերի հետ նախնական պայմանավորվածության, ՌԴ-ն առաջարկել է սկզբից աջակցել սահմանազատմանը և սահմանագծմանը՝ հանդես գալով այդ նպատակի համար համատեղ հայ-ադրբեջանական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ, որի աշխատանքին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե կցանկանաք՝ որպես միջնորդ»,-ասել է Լավրովը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։