Դատախազության կոչը՝ զերծ մնալ նախընտրական պաստառների հանդեպ ոտնձգություններից

Դատախազության կոչը՝ զերծ մնալ նախընտրական պաստառների հանդեպ ոտնձգություններից

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը, անդրադառնալով ընտրություններին ընդառաջ քարոզչական պաստառները պոկելու, վնասելու դեպքերին, կոչ է արել զերծ մնալ նախընտրական պաստառների նկատմամբ ոտնձգություններից:

«Նման մեթոդները ոչ միայն չեն համապատասխանում ժողովրդավարական, քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու չափանիշներին, համարժեք չեն մեր հասարակության բարոյական և մշակութային արժեքներին, այլև փոխադարձ անհանդուրժողականության, հանրային համակեցության կանոնների խախտման, ատելության վարքագծի վառ արտահայտություններ են, ինչն ինքնին հանցածին է, մերժելի և օրենքով արգելված», - ասվում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Իրավապահ մարմինները, ինչպես մինչև հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավը, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում, ստացել են հանրապետության տարբեր մարզերում, Երևանում փակցված պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ ընդհանուր 50 հաղորդում, ահազանգ: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Դրանցից 41-ի առթիվ ՔՕ 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 24-ն ընթացքի մեջ է, 13-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: 4 դեպքի առթիվ, նկատի ունենալով պատճառված գոյյքային վնասի չափը, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով ներկայում ընթանում է նախաքննություն: Նշված 4 քրեական գործերն էլ վերաբերում են մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցած դեպքերին:

9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Նշվում է, որ նման հաղորդումներն առավել հաճախակիացել են հատկապես վերջին օրերին: Չնայած դրան հատկանշական է, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու 11 որոշումներից 10-ը կայացվել է բողոքի բացակայության հիմքով: Դեպքերի մի մասի պարագայում նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ պատճառված նյութական վնասի չափն ակնհայտորեն նվազ է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված վնասի չափի նվազագույն շեմից:

ՀՀ դատախազությունը հիշեցնում է, որ քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը վարչական իրավախախտում է՝ սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.12-րդ հոդվածով, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության կամ այլ բնույթի պաստառները պատռելու, այլ եղանակով վնասելու, ոչնչացնելու արարքներին քրեաիրավական գնահատական տալու հիմքեր են առաջանում այն դեպքերում, երբ դրանք, որպես կանոն, պարունակում են ՔՕ 185-րդ հոդվածով սահմանված հանցագործության առերևույթ հատկանիշներ և արդյունքում սեփականատիրոջը պատճառված վնասը կազմում է 30,000 դրամը գերազանցող գումար: Այսինքն դրանք բնույթով ոչ թե ընտրական, այլ սեփականության դեմ ուղղված առերևույթ հանցագործություններ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---