ՄԻՊ-ն արձանագրել է հանրահավաքներում երեխաների իրավունքների խախտումներին

ՄԻՊ-ն արձանագրել է հանրահավաքներում երեխաների իրավունքների խախտումներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է քաղաքական հավաքների ընթացքում երեխաների իրավունքները խախտող իրավիճակներ: Այդ մասին ասվում է ՄԻՊ ամփոփ վերլուծության մեջ։

1.Խիստ մտահոգիչ են երեխաների մասնակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր: Առկա են նաև երեխաների ներկայությամբ հայհոյանքի խոսքեր հրապարակային հնչեցնելու դեպքեր:

Օրինակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ երեխաների մասնակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քարոզարշավի ընթացքում հնչեցրել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...հունիսի 20-ից հետո մենք անպայման գալու ենք նրանց հետևից և այդ բոլոր քրեական թափթփուկները պառկելու են ասֆալտների վրա» կամ «եթե որոշ գեղացի թափթփուկ պաշտոնյաներ հասկանում են միայն ուժի լեզուն, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը նրանց հետ կխոսի ուժի լեզվով: Եվ ես ձեզ խոստանում եմ՝ բոլոր այդ թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտներին»:

Երեխաների ծնողները, խնամակալները և պատասխանատու այլ անձինք հենց իրենք պետք է երեխաներին քաղաքական բնույթ ունեցող նման հավաքներին ներգրավելու նպատակահարմարությունը դիտարկեն նաև այս փաստերի հաշվառմամբ:

2.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է հրապարակումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասնակցությամբ տարբեր մարզերում անցկացվող նախընտրական հավաքներին վարչական լծակների գործադրմամբ, դպրոցների տնօրենների հորդորով կազմակերպված խմբերով ուսուցիչների և աշակերտների ներգրավվածության վերաբերյալ:

Նշվում է, որ հատկապես խնդրահարույց է, երբ երեխաները նման հավաքներին ներգրավվում են առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության։ Ամեն դեպքում, հակառակը փաստող որևէ տվյալ մշտադիտարկմամբ չի արձանագրվել:

3.Արձանագրվել է նաև «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակումն այն մասին, որ տեղեկություններ են ունեցել հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին մարդկանց մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի մանկապարտեզների մի քանի տնօրենների հրահանգ տալու վերաբերյալ։ Հրապարակված հեռախոսազրույցի ժամանակ Գորիսի մանկապարտեզներից մեկի տնօրենը հայտնում է, որ մասնակցության վերաբերյալ հրահանգ եղել է:

Պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է նաև դեպք, երբ Արմավիրի մանկապարտեզներից մեկի ֆեյսբուքյան էջը տարածել է իշխող կուսակցության քարոզարշավի տեղի ունենալու ժամանակի և վայրի վերաբերյալ իրազեկող տեղեկություն:

Տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գործող հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, պետք է ձեռնպահ մնան այնպիսի նյութեր հրապարակելուց, որոնք ուղղված են որևէ քաղաքական կուսակցության նկատմամբ հասարակության աջակցության վրա ազդելուն:

4.Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է երեխաների կողմից քարոզչական բնույթ ունեցող գրություններով հագուստով, պաստառներով շրջելու, պաստառներ փակցնելու կամ պատռելու, տարբեր կուսակցությունների թռուցիկներ բաժանելու, քարոզարշավի ընթացքում երեխաներին ծափ տալ, ինչպես նաև քաղաքական բնույթի որոշակի վանկարկումներ անել հորդորելու դեպքեր:

Օրինակ՝ Արարատում, Բյուրեղավանում, Մասիսում, Որոտանում իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում Վարչապետի պաշտոնակատարի, ինչպես նաև այլ անձանց հորդորով երեխաների խմբի կողմից արվել են իշխող կուսակցությանն աջակցող քարոզչական վանկարկումներ: Արձանագրվել է նաև երեխաներին թռուցիկների բաժանման գործընթացում ներգրավելու դեպք:

5.Արձանագրվել է երեխաների կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզչական գրությամբ գլխարկն այրելու, դա տեսանկարահանելու և համացանցում տարածելու դեպքը, որն խիստ մտահոգիչ է և ավելի է խորացնում նախընտրական քարոզչության ընթացքում առանց այդ էլ տարածում գտած ատելության մթնոլորտը, այդ թվում՝ երեխաների շրջանում, որը չի բխում երեխաների լավագույն շահերից:

6.Քաղաքական գովազդային արշավների հետ կապված՝ արձանագրվել է, երբ երեխաները լուսանկարվել են կուսակցության քարոզչական թռուցիկներով, պաստառներով և լուսանկարները տարածվել են կուսակցության ֆեյսբուքյան էջերով: Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ապարանի տարածքային կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է երեխայի լուսանկար՝ տվյալ կուսակցության թռուցիկը ձեռքին:

Միջազգային պահանջների համաձայն՝ քաղաքական բնույթ ունեցող հավաքներին երեխաների մասնակցության դեպքում անհրաժեշտ է ապահովել երեխաների իրազեկված, գիտակցված և կամավոր մասնակցությունը:

Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։ Կարևոր նշանակություն ունի խաղաղ հավաքներին կամ այլ զանգվածային միջոցառումներին երեխայի մասնակցության, երեխայի կարծիքի ազատ արտահայտման իրավունքների պատշաճ ապահովումը։

«Այնուամենայնիվ, հավաքներին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահերին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակները»,-ասվում է զեկույցում:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---