ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների առթիվ

ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների առթիվ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտարկման առաքելության ընդհանուր առմամբ դրական գնահատականը», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նեդ Փրայսը գոհունակություն է հայտնել ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունների առնչությամբ, համաձայն որոնց՝ ընտրողների իրավունքները և հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, մասնակիցները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել, և որ ԺՀՄԻԳ-ն ընտրությունների օրը քվեների հաշվարկը դրական է գնահատել:

Միևնույն ժամանակ, պաշտոնական Վաշինգտոնը միանում է ԺՀՄԻԳ-ի մտահոգություններին՝ կապված մասնակիցների խիստ բևեռացվածության և բորբոքիչ հռետորաբանության հետ:

«Հորդորում ենք բոլոր քաղաքական ուղղություններին հարող հայաստանցիներին հարգել այս ընտրությունների արդյունքները, երբ դրանք վավերացված կլինեն, մտահոգիչ խնդիրների հետ կապված կիրառել ընտրությունների բողոքարկման իրավական գործընթացը և խուսափել քաղաքական վրեժխնդրությունից, մինչ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագային», - ասված է հայտարարությունում:

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա», - նշել է Փրայսը՝ բարձր գնահատելով Հայաստանի առաջընթացը բարեփոխումների ուղղությամբ և ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, քաջալերելով Հայաստանին «շարունակել այդ ճանապարհը՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համահունչ»:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավարական սկզբունքները և անհամբեր սպասում ենք նոր կառավարության հետ աշխատանքին՝ ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Նեդ Փրայսը նաև բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը դեսպան Լին Թրեյսիի և Երևանում ԱՄՆ դեսպանատան ամբողջ անձնակազմի աջակցությունը:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---