Արցախում ՏՏ ոլորտին նվիրված TechWeek Artsakh-2021–ը կկայանա

Արցախում ՏՏ ոլորտին նվիրված TechWeek Artsakh-2021–ը կկայանա

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում կանցկացվի «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում-2021» (TechWeek Artshakh-2021) ՏՏ ոլորտին նվիրված միջոցառումների շարքը։

Միջոցառման օրերին Արցախը կհյուրընկալի ավելի քան 1200 մասնակցի՝ մոտ 60 տեղական ու արտերկրի կազմակերպությունների ներկայացուցիչների։ Այդ մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները, գրում է Sputnik Արմենիան։

TCF ընկերության համահիմնադիր և կառավարող խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը նշել է, որ միջոցառումն Արցախում կազմակերպելու հիմնական նպատակը Արցախին ու արցախցիներին աջակցելն է։

«Այդ մարդիկ Արցախի պոտենցիալն իրենց աչքերով կտեսնեն ու անպայման կաջակցեն շարունակական հնարավորությունների զարգացմանը։ Մենք արդեն իսկ ունենք խոստումներ տված ընկերություններ, որոնք պատրաստ են այնտեղից թիմեր վերցնել հեռավար աշխատանքի համար` սպասարկման, ՏՏ ոլորտի»,– ասել է նա։

Կազմակերպիչները վստահ են` միայն օտար լեզվի ու ՏՏ ոլորտի գիտելիքներով արցախցին կարող է ապրել ու աշխատել սեփական երկրում` կապ հաստատելով աշխարհի ամենազարգացած երկրների ու աշխարհահռչակ կազմակերպությունների հետ։ Դրա համար անհրաժեշտ է միայն ուղղորդել նրան և ցույց տալ դրան հասնելու ճանապարհը։

Ինչ վերաբերում է Արցախում կազմակերպվող միջոցառման անվտանգությանը, կազմակերպիչները վստահեցնում են` անվտանգության բոլոր միջոցներն ապահովված են։ Իսկ անվտանգ լինելու համար Արցախին նաև տնտեսապես հզորանալ է պետք։

«Մենք գնում ենք, նշանակում է` անվտանգ է, նշանակում է` կարելի է գնալ, պետք է գնալ ու անպայման պետք է բոլորս լինենք Արցախում»,– ասել է GG ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյանը։

Միջոցառման մասնակից կազմակերպությունները պատրաստվում են նաև Արցախում ներկայացնել իրենց մշակած նոր ծրագրերը, օրինակ` հեռավար աշխատանքի համար խիստ անհրաժեշտ աղմուկը չեզոքացնող հավելվածը, հոդվածների տեքստերը ձայնային ընթերցման վերածող ծրագիրը, ինչպես նաև սպասարկման, առցանց առևտրի կազմակերպման ու ռազմական արդյունաբերության մի շարք մշակումներ։

Կոնֆերանսի օրերին նախատեսվում է նաև Արմաթ լաբորատորիայի բացում Կարմիր Շուկայում։

Արցախյան տեխնոլոգիական շաբաթին մասնակցելու համար Արցախ մեկնելու ցանկություն ունեցողները կարող են կապ հաստատել կազմակերպիչների հետ techweek.am կայքի միջոցով։

 Ուշագրավ
Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է hրամանագիրը
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը