Զոհրաբյան․ Բաքուն պատրաստ է ազատել գերիներին, միայն եթե ՀՀ-ն խաղաղության համաձայնագիր կնքի՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ԼՂ-ն

Զոհրաբյան․ Բաքուն պատրաստ է ազատել գերիներին, միայն եթե ՀՀ-ն խաղաղության համաձայնագիր կնքի՝ Ադրբեջանի մաս ճանաչելով ԼՂ-ն

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն իր հետ զրույցում ասել է, որ «քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կարող է մոռանալ ռազմագերիների մասին»։

Զոհրաբյանը պատմել է, որ ԵԽԽՎ-ում ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո, մոտ 40 րոպեանոց առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, որը, հերքելով եւ մերժելով իր բերած բոլոր փաստարկները, կրկնել է իր երկրի քաղաքական ղեկավարության հայտնի կարծրատիպային պատասխանը, թե ռազմագերիներ չունեն, իրենց մոտ ահաբեկիչներ են, գրում է «Առավոտը»։

Սեիդովը հայտարարել է, որ իր երկրին փոխանցված Ակնայի ականապատման քարտեզների 50 տոկոսը ֆեյք են: Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, ադրբեջանցի պատվիրակը շատ կեղտոտ նախապայման է դրել՝ ասելով, որ կարող է Հայաստանի իշխանություններին փոխանցել, որ իրենք պատրաստ են քննարկել ռազմագերիների վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերն է փոխանցել Նաիրա Զոհրաբյանը`պնդելով, որ հայկական կողմը զենքերը չպետք է վայր դնի և շարունակի Ադրբեջանի վրա ճնշման այլ միջոցներ կիրառել:

Նրա պնդմամբ, Ադրբեջանի վրա կոնկրետ սանկցիաներ պետք է կիրառվեն, քանի որ բանաձևերի և հայտարարությունների վրա այդ երկրում «թքած ունեն»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ում առաջարկել էր կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի և կլանի եվրոպական և բրիտանական հաշիվների վրա, ադրբեջանական պատվիրակությանը որոշակի ժամանակով զրկել ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, եվրոպական կառույցներին հորդորել էր օգտագործել պատժամիջոցներ կիրառելու իրենց իրավունքը, ինչպես դա անում էին Ալեքսեյ Նավալնիի դեպքում:

Պատգամավորն ասել է, որ ԵԽԽՎ-ում իշխանական պատգամավորները ևս փորձում են աշխատել`իրենց հնարավորությունների սահմաններում, այլ հարց է դրա արդյունավետությունը:

Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, որոնք, ըստ հայկական կողմի տվյալների, մոտ 200-ն են։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ առնվազն 19 հայ գերի սպանվել է գերեվարվելուց հետո, այդ թվում՝ 4 կին։ Ադրբեջանում գերիների մի մասի հանդեպ դատավարություն է սկսվել՝ նրանց մեղադրում են «ահաբեկչության մեջ»։

Photo: Sputnik
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---