Ֆրիդ. ՀՀ-ն չի օգտվել ԼՂ կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից

Ֆրիդ. ՀՀ-ն չի օգտվել ԼՂ կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից

PanARMENIAN.Net - Ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ և վերլուծաբան Դանիել Ֆրիդը կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցի կարգավորմանը խոչընդոտել են կողմերի ծայրահեղ դիրքորոշումները, իսկ Հայաստանը չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից։

«Ես և շատ այլ ամերիկացիներ ներգրավված ենք եղել այս հակամարտության կարգավորման փորձերում և մենք բոլորս ձախողել ենք, քանի որ և Հայաստանը, և Ադրբեջանն ամբողջապես կլանված էին միայն այս հակամարտությամբ»,- ասել է նախկին դիվանագետը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նա պնդում է, որ արդյունքում Հայաստանին չի հաջողվել զարգանալ: Ըստ նրա փոխարենը, հայկական կողմը վստահ էր, որ անխոցելի է, հաղթել է նախկինում և կհաղթի հետագայում, որը տեղի չունեցավ:

Նա շեշտել է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն զարգանալ: «Ամերիկացիները կարող են օգնել, և մենք, իհարկե, չենք պատրաստվում լքել նրանց և կշարունակենք ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կայուն կարգավորման ուղղությամբ»,-ասել է նախկին դիվանագետը՝ ընդգծելով, սակայն, որ այսօր իրավիճակը փոխվել է:

«Հայաստանը պետք է մտածի իր ապագայի մասին: Ռուսական պրոտեկտորատը չի ապահովել համապատասխան պաշտպանություն, բայց Հայաստանը նույնպես չի օգտվել կարգավորման բոլոր դիվանագիտական հնարավորություններից, և այժմ իրավիճակը վատթարացել է»,- ասել է Ֆրիդը:

Նա որպես դրական միտում է գնահատել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրություններն ու Նիկոլ Փաշինյանի հաղթանակը:

Իր հերթին, վերլուծաբան Մայքլ Ռուբինը գտնում է, որ Փաշինյանը չպետք է իր հաջողությունը մեկնաբանի որպես պատերազմի ընթացքում իր գործողությունների հավանություն:

«Հայ հանրությունը բացահայտ արտահայտել է իր դժգոհությունը նախորդ նոյեմբերին տեղի ունեցածի վերաբերյալ, այդուհանդերձ ժողովրդի մեծամասնությունը չնախընտրեց երկրորդ նախագահին որպես այլընտրանք: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ժողովրդավարություն, սակայն ձգտում է ունենալ ավելի թափանցիկ կառավարություն, որը չի ստի պատերազմի ամբողջ ընթացքում»,- նշել է վերլուծաբանը:

Ռուբինի կարծիքով ամերիկյան կողմի ավելի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում և տարածաշրջամնում շարունակում է մնալ հարցական: Ընտրություններից հետո առկա են բազմաթիվ հնարավորություններ, ուր Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարող են համագործակցել, գտնում է վերլուծաբանը՝ շեշտելով, որ կարևոր է կենտրոնանալ այդ հարցերի վրա:

«Այսօր ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմադիր ճամբարի հայ քաղաքական գործիչները պետք է կենտրոնան այն հարցի վրա, թե ինչպես է հնարավոր լավագույնս ամրապնդել հայ-ամերիկյան դաշինքը»,- նշել է նա:

Երկու վերլուծաբաններն էլ կարևորել են հայ-ամերիկյան հարաբերություններում վերջերս ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դանիել Ֆրիդի կարծիքով՝ Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մի քայլ է, որն ուղղված է ստիպելու Հայաստանին մտածել իր ապագայի մասին:

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը` հորդորելով Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Վաշինգտոնը նաև գնահատել է տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ