17 հուլիսի 2021 - 11:25 AMT
«Գալաքսին» և ՀՀ-ում Եվրոպական բիզնես ասոցիացիան քննարկել են ներդրումների ընդլայնումը և բիզնեսի զարգացումը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան քննարկել են ներդրումային հնարավորությունների ընդլայնման և բիզնեսի զարգացման վերաբերյալ հարցեր։

Բիզնեսի կայունությունն ու շարունակականության ապահովումը, միջազգային ներդրումների ներգրավումը, աննախադեպ հասարակական ակնկալիքներն ու սոցիալական բեռը հետպատերազմական Հայաստանի գործարար համայնքի համար առանցքային խնդիրներից են: Այս համատեքստում «Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան «բիզնես նախաճաշի» ձևաչափով հանդիպում էին կազմակերպել՝ քննարկելու, թե ինչպես կարող է մասնագիտական հանրույթը միավորել ջանքերը խնդիրներին համակարգային լուծումներ ձևավորելու համար: Հանդիպմանը ներկա էին բիզնես համայնքի մոտ չորս տասնյակ ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլք։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի անդամները ողջունել են Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին Ն.Գ. Ալֆոնսո Դի Ռիսոին, ով բացման խոսքով է հանդես եկել` խոսելով ներդրումային միջավայրի խթանման մասին:

«Մեծապես կարևորում ենք եվրոպական բիզնես համայնքի հետ համագործակցությունը ինչպես համատեղ նախագծերի իրականացման, այնպես էլ նոր գաղափարների քննարկման ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների տեսանկյունից։ Այս համատեքստում Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում անգնահատելի է, և այն «Գալաքսի» ընկերությունների խմբի համար առանցքային գործընկեր է հանդիսանում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դեսպանությունների տնտեսական կցորդները հետաքրքրվել են «Գալաքսիի» բիզնես վերլուծական տվյալներով ու նախագծերով:

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով միասնական աշխատանքի և միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Առանձին շնորհակալության խոսքեր են ուղվել «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարությանը տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծմանն ուղղված իրենց ներդրման համար:

Նա ողջունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին և շնորհակալություն հայտնել ակտիվ համագործակցության համար նաև այլ ԵՄ դեսպանությունների տնտեսական կցորդներին՝ նշելով, որ Ասոցիացիան միշտ բաց է առաջարկների և գաղափարների քննարկման համար։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման և արտաքին ներդրումների խթանման գործում։

Հանդիպման ընթացքում «Գալաքսի» ընկերությունների խմբի բիզնես պորտֆելն ու նախագծերը ներկայացրել է ընկերության ռազմավարության և ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը: Ընկերության հաղորդակցության տնօրեն Շուշան Հարությունյանը ներկայացրել է խմբի բիզնես անալիտիկան, հասարակության շրջանում բիզնեսի վերաբերյալ ընկալումների և այլ ինստիտուտների հանդեպ վստահության ինդեքսների վերջին տարվա ցուցանիշները: