ԵԽ անդամները դատապարտել են Բաքվի կողմից «Արևմտյան Զանգեզուրի» և ՀՀ-ն որպես իրենց «նախնիների հող» հիշատակումները

ԵԽ անդամները դատապարտել են Բաքվի կողմից «Արևմտյան Զանգեզուրի» և ՀՀ-ն որպես իրենց «նախնիների հող» հիշատակումները

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի ներխուժումը ՀՀ տարածք, կոչ են արել կողմերին հետ քաշվել մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից։ Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամները դատապարտել են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և ՀՀ տարածքը որպես ադրբեջանական «նախնիների հող» հիշատակելը։

«Նման հայտարարությունները շատ անպատասխանատու են և սպառնում են տարածաշրջանային անվտանգությունը հետագա խաթարմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը ստորագրել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զովկոն։

Եվրախորհրդարանի անդամների հայտարարության մեջ նաև ասվում է․ «Մենք ցավում ենք հուլիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական ուժերի հետ սահմանին բախումների արդյունքում 3 հայ զինծառայողի զոհվելու համար, այն բանից հետո, երբ հայկական դիրքերն ու մի քանի գյուղեր, ըստ հաղորդումների, գնդակոծվել են վաղ առավոտից։ Մենք ցավակցում ենք նրանց ընտանիքներին»:

Նշվում է, որ սա վերջին ամիսների միջադեպերից և սադրանքներից մեկն է միայն՝ ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որ սկսվել են մայիսի 12-ին ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմամբ:

«Մտահոգիչ է նաև վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունը Նախիջևանի հետ սահմանին, որի հետևանքով ևս մեկ հայ զինծառայող է զոհվել»,-ասվում է հայտարարության մեջ։

Եվրոպացի պատգամվորները հորդորել են երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ սադրանքներից՝ նշելով, որ սահմանի վերաբերյալ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների կիրառման միջոցով:

«ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ ըստ հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների: Պետք է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդարանականները հիշեցրել են նաև, որ ԵՄ-ն հանձնառու է սատարելու վստահության մթնոլորտի ամրապնդմանը և բոլոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ այդ թվում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի հարցերը։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---