Գազով մեքենաների ստուգման ու տեղադրման պահանջներ կարող են սահմանվել

Գազով մեքենաների ստուգման ու տեղադրման պահանջներ կարող են սահմանվել

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները, ուժը կորցրած ճանաչելով գործող կարգավորումները: Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։

Նպատակը գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելն է։

Նշվում է, որ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում կարող են տեղադրվել և վկայագրվել հետևյալ տեսակի գազաբալոնները.

1) պողպատե անկարան (1-ին տիպ), 2) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (2-րդ տիպ), 3) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի ամբողջ մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (3-րդ տիպ), 4) ոչ մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով և մետաղական միջադիր տարրերով (4-րդ տիպ), 5) հեղուկացված նավթային գազի:

Այն գազաբալոնները, որոնց արտադրության կամ վկայագրման ամսաթվից հետո անցել է դրանք վկայագրելու ժամանակահատվածին հավասար կամ ավելի ժամանակ, մինչև ավտոտրանսպորտային միջոցում տեղադրելը, ենթակա են պարտադիր վկայագրման:

Ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որն անհրաժեշտության դեպքում, այդ թվում` նաև դրանց տեխնիկական սպասարկումների, նորոգումների կամ փակ շինությունում պահելու ժամանակ կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից:

Փականները պետք է համալրված լինեն խողովակաշարի խզման կամ մեխանիկական վնասվածքների դեպքում գազաբալոնից գազի հոսքի դադարեցման, ինչպես նաև բարձր ճնշման առկայության դեպքում ճնշումն իջեցնող սարքվածքով:

Մետաղական գազամուղները պետք է պատրաստված լինեն պողպատյա կամ պղնձյա անկար խողովակներից:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---