Գրիգորյանը` Պատրուշևին․ ՀՀ-ն պատրաստ է հնարավորինս արագ սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը

Գրիգորյանը` Պատրուշևին․ ՀՀ-ն պատրաստ է հնարավորինս արագ սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

ԱԽ քարտուղարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկաացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:

Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:

Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ՝ հույս հայտնելով, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույտ վերադարձը հայրենիք:

Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորել է Մինսկի խմբի համանախագարների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:

Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---