ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը կներկայացվի հայ գերիներին անհապաղ ազատելու օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը կներկայացվի հայ գերիներին անհապաղ ազատելու օրինագիծը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը թույլատրել է լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացնել հայանպաստ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի նախագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և կալանավորվածներին։ Այն նաև պահանջում է պաշտպանության նախարարից զեկույց ներկայացնել 2020-ի պատերազմի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Երկկուսակցական օրենսդրական այս նախաձեռնությունն աջակցել է ավելի քան 10 կոնգրեսական, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Օրենքների հանձնաժողովը նաև թույլատրել է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը դնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունի, Դեյվիդ Վալադաոյի, Դինա Տիտուսի և Ջիմ ՄակԳովերնի փոփոխությունների նախագծերը:

Փալոունի օրենսդրական նախաձեռնությունը պահանջում է պաշտպանության նախարարից պատրաստել զեկույց՝ անդրադառնալով այն պնդմանը, որ օտարերկրյա պետությունների որոշ զինված ստորաբաժանումներ կատարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցության տրամադրման ժամանակ կամ դրանից առաջ:

Վալադաոյի առաջարկած օրեսդրական փոփոխությունն էլ պահանջում է 180 օրվա ընթացքում հաշվետվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի մարդասիրական բոլոր ծրագրերի մասին, իսկ կոնգրեսական Տիտուսի հեղինակած նախագիծը պետքարտուղարից պահանջում է հաշվետվություն Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության մասին, որոնք ձեռնարկվել են ԱՄՆ, դաշնակիցների և միջազգային գործընկերների շահերի դեմ: Նախագիծն առաջարկում է ուսումնասիրել այս կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչելու հարցը։

Այս փոփոխությունները կքվեարկվեն Ներկայացուցիչների պալատում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (H.R.4350) քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել արդեն մոտ օրերս:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---