ՄԻՊ-ը Հռոմում The Guardian, Times, France 24 և մյուս ԶԼՄ-ներին պատմել է ադրբեջանական կողմի խոշտանգումների մասին

ՄԻՊ-ը Հռոմում The Guardian, Times, France 24 և մյուս ԶԼՄ-ներին պատմել է ադրբեջանական կողմի խոշտանգումների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմում առանձին հանդիպել է The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ՝ ապացույցներով, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։ Այդ մասին ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում։

«Հատուկ անդրադարձել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ ՄԻՊ հայեցակարգին։ Նշել եմ, որ ԵԽԽՎ բանաձևում ևս ներառվել է մեր առաջարկը, քանի որ փաստերով հիմնավորել ենք դրա անհրաժեշտությունը։

Անդրադարձել եմ նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, հանցավոր արարքներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, ոտնահարում է նրանց իրավունքները, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

Մանրամասն ներկայացրել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով:

Բացատրել եմ, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով»,-ասվում է գրառման մեջ։

ՄԻՊ-ը հատուկ նշել է նաև, որ ադրբեջանական խաղաղասիրական կոչերը պարզապես շղարշ են միջազգային հանրության համար։

«Փոխանցել եմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և պայմանավորվել ենք համագործակցել հետագայում»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմ է մեկնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում։ ՄԻՊ-ը նաև Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---