ԱՀ գլխավոր դատախազություն․ Սադրանքները սկսվել են դեռ հոկտեմբերի 13-ից

ԱՀ գլխավոր դատախազություն․ Սադրանքները սկսվել են դեռ հոկտեմբերի 13-ից

PanARMENIAN.Net - Արցախի գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալն այցելել են Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։

Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։

Նշվում է, որ դեպքի օրը տևական ժամանակ բացահայտ կերպով ուղիղ թիրախավորվել են հայկական մարտական դիրքերը` ակնհայտ վտանգելով քաղաքացիական բնակավայրի անվտանգությունն ապահովող հայկական դիրքում ծառայություն իրականացնող անձանց կյանքն ու առողջությունը:

«Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել Նոր շենի համայնքի ղեկավարի ու զինվորականների աննախադեպ օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են քրեադատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից:

Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են:

Գլխավոր դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ ձևավորել խաղաղ բնակչության մոտ, որի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցը:

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահի ուղեկցությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---