Քերոբյան. Աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց լավ ապրելը, բայց գնաճը խժռում է մեր արածի մեծ մասը

Քերոբյան. Աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց լավ ապրելը, բայց  գնաճը խժռում է մեր արածի մեծ մասը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մտահոգություն հայտնելով գնաճի վերաբերյալ, ասել է, որ կառավարության աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ «գնաճը, կարելի է ասել, խժռում է արած աշխատանքի մեծ մասը»:

Նա հավելել է, որ ընդհանուր գնաճը 8.9 տոկոս է, բայց սննդամթերքինն ավելի բարձր։

«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք»,-ասել է Քերոբյանը՝ վստահեցնելով, որ գնաճի դեմ իրենք պետք է պայքարեն և պայքարում են, գրում է Aysor.am-ը։

Քերոբյանը որպես գնաճի դեմ իրենց կիրառած գործիքակազմ՝ նշել է «կոնսուլտացիաները տարբեր երկրների հետ»։

«Անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ՝ առաջին հերթին ԵԱՏՄ գործընկերների, նաև Ուկրաինայի և Հարավամերիկյան երկրների հետ, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր գներով կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, ինչը թույլ կտա մեղմել գնաճը», - ասել է նա։

Իրենց գործիքակազմի արդյունավետության մասին Քերոբյանը չի խոսել, սակայն մտահոգություն է հայտնել գնաճը զսպելու՝ Կենտրոնական բանկի կիրառած գործիքակազմի առնչությամբ։

«Երբեմն այդ գործիքակազմը սկսում է վտանգել կամ վնասել տնտեսության՝ մեզ համար շատ կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։ Գիտեք, որ արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարվա, երևի, ամենացածր կետի վրա է, և դա մեզ, ինչպես նաև մեր արտահանողներին, շատ է անհանգստացնում», - ասել է Քերոբյանը՝ ԿԲ-ից ակնկալելով, որպեսզի չվտանգի արտահանման ոլորտը։

2021թ. սեպտեմբերին 2020թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 15.4% գնաճ, իսկ բանջարեղենը մեկ տարվա կտրվածքով թանկացել է 64.5%-ով։ Մրգի ապրանքախմբում 2020-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3%, իսկ 2021թ. օգոստոսի համեմատ` 4.3% գնանկում:Նախորդ սեպտեմբերի համեմատ 9% գնաճ է արձանագրվել մսամթերքի, 9.5 % հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբերում։ Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 10% գնաճ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---