ԱԱԾ փոխտնօրեն․ Սյունիքում ժամկետայիններն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն, դեղորայքի գումարն ավելացվել է

ԱԱԾ փոխտնօրեն․ Սյունիքում ժամկետայիններն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն, դեղորայքի գումարն ավելացվել է

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը հայտարարել է, որ Սյունիքի տարածքում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն: Այդ մասին նա ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ժամանակ։

«Իրավիճակից ելնելով, հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում չենք ունեցել», - ասել է Հակոբյանը, գրում է Aysor.am-ը։

Թվաքանակի մասին նա չի ասել, սակայն նշել է, որ բավական մեծ քանակով ժամկետային զինծառայողներ են, այդ իսկ պատճառով ԱԱԾ 2022 թվականի պլանավորած ծախսերում ավելացրել են դեղորայքի գնման գումարը։

«Եվ այս պահին, գիտեք, թե ինչ պայմաններում են ծառայություն իրականացնում։ Պայմաններ դեռ չունենք, այնտեղ նոր ուղեկալներ ենք կառուցում, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ և դրա կարիքը կարող է էլ չլինել։ Բայց այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում», - ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալը։

ԱԱԾ-ին 2022 թվականի պետբյուջեի նախագծով 11 միջոցառումների իրականացման համար նախատեսում է հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, այն 2021 թվականի ճշտված բյուջեի համեմատ ավելացել է 8.7 տոկոսով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---