Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի շարունակական սադրանքները, որոնցից վերջինի հետևանքով նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երեք քաղաքացիական անձ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայատյաց հռետորաբանությունը և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը:

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ԼՂ հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման տարելիցին ընդառաջ։

ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր։

Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ չի հայտնել նաև ադրբեջանական մամուլը։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով 2020թ․ նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---