Առաջարկ․ Պատերազմում զոհվածների ընտանիքներին բանկերը կզիջեն նաև կատարողական ծախսերը

Առաջարկ․ Պատերազմում զոհվածների ընտանիքներին բանկերը կզիջեն նաև կատարողական ծախսերը

PanARMENIAN.Net - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով բանկերն ու վարկային կազմակերպությունները պարտատերերին կզիջեն նաև կատարողական ծախսերը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է օրինագծում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանում 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների, օրինակ, զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց պարտավորությունները:

Նա նշել է, որ հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն հարուցվել են կատարողական վարույթներ, գանձվել կատարողական գործողությունների կատարման ծախսեր:

Առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը և վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով և մարտական գործողություններով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում պարտավոր է վճարել կատարողական ծախսերը: Ուստի, հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կառավարությունն առաջարկում է վերոնշյալ անձանց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական ծախսեր չգանձել: Պատգամավորները կարևորել են օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ ներկայացնելով առաջարկներ անձանց շրջանակն ընդլայնելու վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրինագիծը քննարկել 24 ժամվա ռեժիմով:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---