HRW-ն՝ Ադրբեջանին․ Ռազմագերիների հանդեպ բռնությունը ռազմական հանցագործություն է

HRW-ն՝ Ադրբեջանին․ Ռազմագերիների հանդեպ բռնությունը ռազմական հանցագործություն է

PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան, անդրադառնալով նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժման արդյունքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը, հիշեցրել է, որ ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Նոյեմբերի 16-ի մարտերից հետո, որոնք ամենասաստիկն էին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանն առնվազն 13 հայ զինծառայողի է գերեվարել։ Սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ ադրբեջանական ուժերը դաժան և ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերում գերեվարվածների հանդեպ։ Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է»,- ասվում է գրառման մեջ։

Նա նշել է, որ «զազրելի տեսանյութերը», որոնք դեռ չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից, վկայում են «հայ գերիներին ծեծի ենթարկելու հրմշտելու, ինչպես նաև նրանց նվաստացնելու մասին։

«Ըստ Ժնևի կոնվենցիայի, ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ և նրանք պետք է հետ վերադարձվեն մարտական գործողություններից հետո։

Ադրբեջանը պետք է հետաքննի գերիների հանդեպ բոլոր չարաշահումները և պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Հատկապես, որ որոշ զինծառայողներ հպարտությամբ են կատարում այդ գործողությունները և նույնիսկ չեն թաքցնում իրենց դեմքերը։ Ադրբեջանը նաև պետք է հարգի գերիներին խոշտանգելու և նվաստացնելու արգելքը»,- գրել է HRW-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրենը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---