ԱՀ նախարար․ 44-օրյայում արցախցի 11 ոստիկան զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

ԱՀ նախարար․ 44-օրյայում արցախցի 11 ոստիկան զոհվել է, 30-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում արցախցի 11 ոստիկան զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ Այդ մասին ասվում է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի ուղերձում, որը նա հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Նա նշել է, որ ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով են անցել 44-օրյա պատերազմական փորձությունները, իսկ զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո։

«Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին՝ թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր: Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները:

Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները: Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի»,-ասվում է ուղերձում:

Նախարարը նշել է, որ հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը: Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Նա հավելել է, որ վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով: Դրան զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում՝ ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---