Միրզոյանն ու Բլինքենը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ ներքո ԼՂ կարգավորման գործընթացի վերսկսումը

Միրզոյանն ու Բլինքենը կարևորել են ԵԱՀԿ ՄԽ ներքո ԼՂ կարգավորման գործընթացի վերսկսումը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դեկտեմբերի 2-ի հանդիպմանը կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։

Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերը։

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։

Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։ Այս համատեքստում հիշատակելով այս տարի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդպիսով ԱՄՆ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության արժեքներին ու սկզբունքներին:

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում մասնակցում է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, որը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրի ԱԳ նախարարների հանդիպումն անցնում է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հրավերով։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---