Միրզոյան․ ԼՂ կարգավիճակի որոշումը, հայ բնակչության վերադարձը ԼՂ տարածք պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր

Միրզոյան․ ԼՂ կարգավիճակի որոշումը, հայ բնակչության վերադարձը ԼՂ տարածք պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում, պետք է լինեն բանակցությունների առարկայական հարցեր։ Այդ մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովում ունեցած ելույթում։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ:

«2021-ի մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում և շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։

Ուժի կիրառման դրսևորումներից է նաև այն, որ Ադրբեջանը ոչ միայն պատանդառության մեջ է պահում, այլ մշտական փորձեր է կատարում գերեվարել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց: Վերջինը՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ տարածքի վրա հարձակման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ գերեվարել են հայ զինծառայողների:

Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները։ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի շարունակական ներկայությունը մեր տարածաշրջանն ապակայունացնող գործոն է»,-աել է նախարարը:

Միրզոյանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 26-ին ՌԴ կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ միջոցներ ձեռնարկելու համար։

Նա շեշտել է, որ ուժի կիրառումը կարող է որոշակի ժամանակով ապասառեցնել հակամարտությունները, սակայն դրանք նորից կսառեցվեն, եթե չլինի բանակցված և խաղաղ լուծում։ Պատերազմը կարող է լինել միակողմանի ընտրություն, սակայն խաղաղությունը մշտապես պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը:

«Հայաստանը պատրաստ է բանակցությունների միջոցով հասնելու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական կայունության։ Որքան շուտ Ադրբեջանը ձեռնամուխ լինի խաղաղ գործընթացի վերսկսմանը, այնքան կավելանան մեր տարածաշրջանում համապարփակ և տևական կարգավորման հասնելու հնարավորությունները»,-ասել է նախարարը:

Միրզոյանը նշել է, որ առկախված է հումանիտար խնդիրների լուծումը, ինչպիսիք են բոլոր հայ ռազմագերիների և պահվող անձանց անվերապահ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի հետաքննությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, ինչը պահանջում է ԵԱՀԿ և նրա համապատասխան մանդատների շարունակական ներգրավվածությունը։

Նա հավելել է, որ, հաշվի առնելով վերոնշյալը, Հայաստանը հետագայում ևս կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ սերտ համագործակցությամբ:

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում մասնակցում է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, որը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրի ԱԳ նախարարների հանդիպումն անցնում է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հրավերով։

 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
---