Արարատի մարզի 4 համայնքում քվեարկությանն առնչվող հանցագործությունների մասով 12 հաղորդում կա

Արարատի մարզի 4 համայնքում քվեարկությանն առնչվող հանցագործությունների մասով 12 հաղորդում կա

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում և ահազանգ, որոնք վերաբերում են քվեարկության գործընթացին, տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։

Դրանցից 6-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

2-ը վերաբերում է Մասիս խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,

2-ը՝ Արտաշատ և Մասիս խոշորացված համայնքններում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը Արարատ խոշորացված համայնքում լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն,

2-ը՝ Մասիս խոշորացված համայնքում տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, 5-ը՝ այլ բնույթի:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ:

Իսկ հաղորդումներից մյուս 4-ի կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ հետաքննության կամ նախաքննության մարմիններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախաձեռնվել է նյութերի նախապատրաստման գործընթաց, որն ընթացքի մեջ է:

Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» նախնական տվյալներով հաղթել է 36 համայնքից 25-ում։ Իշխող ուժը պարտվել է Աբովյանում, Վանաձորում, Մասիսում և մի քանի այլ համայնքում։

ՔՊ-ն հաղթել է Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---