Արցախի նախագահ․ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը գլխավոր ու անզիջում նպատակն է

Արցախի նախագահ․ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը գլխավոր ու անզիջում նպատակն է

PanARMENIAN.Net - Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում Արցախի ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնել նպատակների հանգրվանին: Այդ մասին ասվում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում՝ նշելով, որ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան։

Հարությունյանը նշել է, որ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը գլխավոր ու անզիջում նպատակն է։

«Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին և մեր ապագա անելիքներին՝ կառանձնացնեի մի քանի հիմնական դրույթներ.

ա) Անվտանգություն... պահպանվում է հարաբերական կայունություն, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ և գործուն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ․․․ Հաշվի առնելով ադրբեջանական կողմի խիստ ապակառուցողական ու ագրեսիվ դիրքորոշումը... Արցախի իշխանություններն ու ժողովուրդը կարծում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի։

երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը...

Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկությունները: Անցած մեկ տարում որոշակի շոշափելի աշխատանք արդեն իրականացվել է, և տարեցտարի մենք բարելավելու ենք մեր սեփական անվտանգային մեխանիզմների արդյունավետությունը:

բ) Արտաքին քաղաքականություն. Մենք շարունակելու ենք մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը...

գ) Ժողովրդագրություն. Արցախը հայկական պահելու և հակամարտությունը հայանպաստ կարգավորելու գլխավոր երաշխիքներից մեկը հայ ժողովրդի գոյությունն է իր սեփական հայրենիքում...

Այդ համատեքստում բնակարանային կարիքների բավարարումը գլխավոր հիմնախնդիրն է, որի լուծման կարևոր գործին լծվել ենք պատերազմից անմիջապես հետո… Բնակարանային հիմնախնդիրն Արցախում պետք է համալիր լուծում ստանա: Ուստի, նախընտրական խոստմանս համաձայն՝ յուրաքանչյուր ընտանիք ունենալու է իր սեփական բնակարանը, սակայն անհրաժեշտ է որոշակի համբերություն պատերազմի սուր հետևանքների վերացման համար:

դ) Սոցիալ-տնտեսական զարգացում. Հատկապես պատերազմի հետևանքով տնտեսական ներուժի հիմնական մասի կորստի պարագայում սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրները շատ սուր են արտահայտված… Ուրախությամբ պետք է նշեմ, որ ի շնորհիվ ՀՀ աջակցության՝ 2022թ.-ին ԱՀ պետական բյուջեի ծախսային մասը կկազմի շուրջ 215 մլրդ դրամ... Ակնկալում եմ, որ համահայկական բոլոր կարողունակ շրջանակներն իրենց ուղիղ մասնակցությունը կունենան այս կարևորագույն ուղղության մեջ:

ե) Ներքին քաղաքականություն. Թե՛ պատերազմից առաջ և թե՛ հատկապես դրանից հետո ես բացել եմ համագործակցության դռները բոլոր քաղաքական ուժերի առջև՝ հավատալով, որ միայն միասնական ջանքերով հնարավոր է դիմակայել այս ծանր մարտահրավերները: Այդ առումով ունենք տեսանելի շատ արդյունքներ, որոնք մեծապես պայմանավորված են նաև համագործակցային միջավայրով:

…Նախատեսում եմ առաջիկայում խորհրդակցությունների նոր փուլ մեկնարկել բոլոր շրջանակների հետ՝ քննարկելու ավելի արդյունավետ ձևաչափերի ու մեխանիզմների կիրառման հնարավորությունները»

ԱՀ նախագահը նաև հավելել է, որ համագործակցության դուռը բաց է բոլոր ուժերի համար։ «Ի վերջո, բոլոր իշխանություններն էլ ժամանակավոր են, մնայուն են այն արժեքները, որոնց համար ապրում և պայքարում ենք…»,-ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---