Զաս․ ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերին

Զաս․ ՀԱՊԿ-ը սատարում է իրավիճակը քաղճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը սատարում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերին։ Այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան աշխատանքային այցին ընդառաջ, գրում է «Արմենպրեսը»:

Նա հավելել է, որ դա միակ ելքն են համարում։

Նա նաև ասել է, որ ՀԱՊԿ-ը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։

Հարցին, թե արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի՝ ՀՀ տարածքում են, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ՝ Զասն ասել է, թե մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում են դրան։

«Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն»,-ասել է նա։

Նա նաև հավելել է, որ արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ «Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար»,-ասել է Զասը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---