Հարությունյանը՝ Փաշինյանին․ Միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու ԱՀ բնակչության անունից

Հարությունյանը՝ Փաշինյանին․ Միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու ԱՀ բնակչության անունից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում, հայտարարել է, որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հարությունյանի հայտարարության մեջ ասվում է, որ․

«1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:

2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ:

3. Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:

4. Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր հայրենակիցները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:

5. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը:

6. Չանդրադառնալով անցյալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապես պետք է արձանագրել, որ հիմա պահը շատ ավելի պատասխանատու ու վճռական է, քան երբևէ։ Հետևաբար, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, այլապես այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար:

7. Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել:

8. Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժեքների ու նպատակների շուրջ միասնականությունը կարևոր է, իսկ, ինչպես նշեցի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինի արցախահայության կամքն ու նպատակները»:

Հարությունյանը նշել է նաև, որ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Նա հավելել է, որ անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության:

Դեկտեմբերի 24-ի իր առցանց հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, ասել է, որ ԼՂԻՄ-ը երբեք չի դիտարկվել որպես հայկական միավորում, այլ դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում, գոնե բնակչության մասով։ Նա հավելել է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և «նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»։ «Եթե ինքնորոշման իրավունքը, ենթադրենք, իրացվում էր հայկական կողմի մեկնաբանությունների շրջանակում, հարց, ԼՂ ադբեջանցիները իրենց հերթին կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---