Hürriyet․ Օրակարգ կգա ՀՀ-ից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքների հարցը, Կարսում և Վանում աշխատանքներ կտարվեն

Hürriyet․ Օրակարգ կգա ՀՀ-ից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքների հարցը, Կարսում և Վանում աշխատանքներ կտարվեն

PanARMENIAN.Net - Թուրքական Hürriyet-ը, անդրադառնալով Թուրքիայի նախագահականում արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցության արդյունքներին, գրել է, որ առաջիկայում օրակարգ կգա Հայաստանից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքներ սկսելու հարցը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով նոր շրջափուլ է սկսվել այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ի թիվս արտաքին քաղաքական մի շարք առաջնահերթությունների՝ նշվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում կատարվելիք քայլերը, գրում է Еrmenihaber-ը՝ Hürriyet-ին հղումով։

«Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարգ կգա տարբեր նահանգների ուղղությամբ չվերթեր կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել:

Բացի այդ, ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։

Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ սկսվելու են նաև առևտրային հարաբերություններ»,-ասվում է հրապարակման մեջ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ հետ ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից։ Հունվարի 10-ին թուրքական Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն ուղղություններով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---