«Փաստինֆո»․ Նոյեմբերի 16-ին գերեվարվածների հանդեպ Ադրբեջանում անմարդկային են վարվել, մեկը զոհվել է

«Փաստինֆո»․ Նոյեմբերի 16-ին գերեվարվածների հանդեպ Ադրբեջանում անմարդկային են վարվել, մեկը զոհվել է

PanARMENIAN.Net - 2020թ․ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ. նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ։ Նշված փաստերի առթիվ 2021թ դեկտեմբերի 20-ին քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով և միացվել մայր գործին»,- «Փաստինֆոյին» հայտնել են ՔԿ-ից։

Նախաքննական մարմնից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ, փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում պարզվել են նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, վերջիններս ներգրավված են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը։

Մեղադրյալ ներգրավված ադրբեջանցի զինվորականների թիվը ՔԿ-ն չի տրամադրել ու նշել, որ հարցմամբ հայցվող տեղեկատվության վերաբերյալ առավել մանրամասներ տեղեկություն չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---