Ավանեսյան․ Մասունքների ԴՆԹ հետազոտումն ամբողջութամբ ավարտվել է

Ավանեսյան․ Մասունքների ԴՆԹ հետազոտումն ամբողջութամբ ավարտվել է

PanARMENIAN.Net - Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մարմինների, մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է, սակայն դիահերձարաններում դեռ կան մասունքներ, որոնք նույնականացվել են, սակայն ծնողները չեն հուղարկավորում։

«Այո, ցավոք սրտի, դեռ ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի, կրկնվող հետազոտությունների պարագայում էլ ծնողները կամ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու։ Մենք պատկերացնում ենք, հասկանում ենք, որ դա ցավոտ, շատ դժվար պրոցես է։ Ե՛վ ՔԿ-ն, և՛ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ ավարտին բերենք», - ասել է Ավանեսյանը, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը:

«Մենք 100-ից մի փոքր ավելի մասունք ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ», - ասել է Ավանեսյանը։

Նրա խոսքով, սակայն, կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել։

«Դրանք առանձին արխիվացած են», - հավելել է նա։

Այն հարցին, թե դիահերձարաններում քանի՞ մարմին կամ մասունք է պահվում, առողջապահության նախարարը հրաժարվել է պատասխանել։ «Թիվ չեմ կարող հնչեցնել։ Ընդհանուր թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է, դա իրենց իրավասությունն է, ես ինձ չեմ վերապահի նման իրավասություն», - ասել է նա։

Անահիտ Ավանեյանը վստահեցրել է, որ բոլոր դիահերձարանները վերանորոգումից հետո համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին, ապահովված են սառնարաններով, իսկ այն ցավալի պատկերը, որին հասարակությունն ականատես եղավ 2021 թվականին, երբ զոհված զինծառայողների աճյունները պարկերով ընկած էին գետնին, «կոնկրետ աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունք էր»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---