10 մարտի 2022 - 10:19 AMT
Փաշինյանը Միշելի հետ ոչ ֆորմալ հանդիպմանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ոչ ֆորմալ հադիպման ժամանակ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Վարչապետը ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին: Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: