Մակրոնը` Փաշինյանին․ Ֆրանսիան պատրաստ է խորացնելու կապերը ՀՀ հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում

Մակրոնը` Փաշինյանին․ Ֆրանսիան պատրաստ է խորացնելու կապերը ՀՀ հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար ոլորտներում կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ֆրանսիական բիզնեսի՝ հայաստանյան շուկայում ներկայացվածության ընդլայնմամբ: Կարևորվել է տնտեսության այնպիսի ճյուղերում փոխգործակցությունը, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, ջրամբարաշինությունը, գյուղատնտեսությունը և այլն:

Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Կողմերն ընդգծել են, որ փոխվստահության և բարեկամության վրա հիմնված հայ-ֆրանսիական փոխգործակցությունն առաջիկայում նոր թափով կզարգանա՝ համատեղ տարբեր նախագծերի քննարկմամբ ու իրականացմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անթույլատրելի է համարել իրավիճակը լարելու յուրաքանչյուր փորձ և նշել, որ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները, ինչի հետևանքով հայկական կողմը մարտի 7-ին ունեցել է մեկ զոհ և վիրավոր:

Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ժամանակ ժամանակ անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից վերջին օրերին շարունակվող սադրիչ գործողությունները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին: Համաժողովին մասնակցել են Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---