18 մարտի 2022 - 14:53 AMT
ՊԵԿ. ՌԴ-ից $10,000-ը գերազանցող կանխիկի արտահանման արգելքը տարածվում է նաև ԵԱՏՄ երկրների վրա

ՌԴ-ից $10,000-ը գերազանցող կանխիկ արտարժույթի արտահանման արգելքը տարածվում է Ռուսաստանից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Այդ մասին ասվում է Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանման մեջ։

Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։

10,000 դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզանձանց դիտարկման և հարցման ճանապարհով։

Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում: Որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10,000 դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 1-ի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» № 81 հրամանագրի 1-ին կետի «ժ» ենթակետ)։