ԱՀ ԱԳՆ․ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Շուշիի միջոցառմանը հարված է կազմակերպության հեղինակությանը

ԱՀ ԱԳՆ․ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Շուշիի միջոցառմանը հարված է կազմակերպության հեղինակությանը

PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ՝ նշելով, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը հարված է կազմակերպության հեղինակությանը։

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումն օկուպացված Շուշիում։

«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի հետևանքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։

ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է միջազգային այս կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում մեկնարկել է մարտի 18-ին։ Մասնակցում են Ադրբեջանի պաշտոնատար անձինք, ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողը և Ադրբեջանում այդ երկրի կառույցների ղեկավարները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---