Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ըստ տեղաբնակների, 11 հայ է զոհվել

Ուկրաինայում պատերազմի ընթացքում, ըստ տեղաբնակների, 11 հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, տեղի հայկական կառույցների տվյալներով, 11 հայ է զոհվել։ Ըստ այդ երկրի հայերի միության՝ մարտի 18-ին Խարկովում մահացել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը, նա կամավոր էր, օգնում էր իր քաղաքի կարիքավորներին՝ սնունդ և դեղորայք հասցնելով, տեղեկացնում է «Ազատությունը»։

Հայերի շրջանում զոհերից 8-ը քաղաքացիական անձինք են։

«7-ը խաղաղ բնակիչ են` ազգությամբ հայ, 3-ը, այսպես ասած, զինվորականներ: Առաջին զոհը Խերսոն քաղաքում էր, որից արդեն 10-15 օր անցել է, ունենք Չոնգար քաղաքում, Մարիուպոլ քաղաքում», - հայտնել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայում հայերի թիվը մինչև պատերազմը մոտ 350,000 էր, թե նրանցից քանիսն է վերջին 3 շաբաթվա ընթացքում կարողացել լքել պատերազմող երկիրը, հայտնի չէ։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասել է, որ փորձում են հասկանալ, թե քանիսն են մնացել։ Դիմել են Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը, բայց վերջինս գերծանրաբեռնված է և հնարավորություն չունի նման վիճակագրություն վարելու։ «Շատ դժվարանում են գոնե ազգանուններով անջատել ամբողջ ցուցակից, որ առանձին ցուցակ մեզ համար կազմեն»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի՝ հիմնականում հայեր։ Այդ մասին ասել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---