Պետդեպ․ Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի զորքի տեղաշարժերով՝ պետք է կապի ուղիղ միջոցներ կիրառել

Պետդեպ․ Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի զորքի տեղաշարժերով՝ պետք է կապի ուղիղ միջոցներ կիրառել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքի տեղաշարժերով։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զորքի տեղաշարժերով։

Հայաստանն ու Ադրբեջանը անհապաղ դեէսկալացիայի համար պետք է օգտագործեն կապի ուղիղ միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Միրզոյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղբնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։

Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են՝ շեշտելով միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել է նաև իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում:

Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---