Մակունցն ու ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են լարվածության աճը ԼՂ-ում

Մակունցն ու ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են լարվածության աճը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճն ու զարգացումները, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

Կողմերը քննարկել են նաև գազի մատակարարման խաթարման արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները։

Մարտի 25-ին Մակունցը նաև հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։

Դեսպան Մակունցը կոնգրեսականներին է ներկայացրել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունները, մասնավորապես՝ մարտի 24-ին Արցախի Փարուխ գյուղ ներխուժումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարումը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։

Դեսպան Մակունցն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հստակ արձագանքի անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 14-ը՝ վիրավորվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---