Չավուշօղլու․ Կուզեի Ադրբեջանի ու ՀՀ ԱԳ նախարարների հետ հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ

Չավուշօղլու․ Կուզեի Ադրբեջանի ու ՀՀ ԱԳ նախարարների հետ հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, հայտարարել է, որ իր երկրի հարաբերությունները Հայաստանի հետ բարելավվում են։ Այդ մասին նա խոսել է A Haber հեռուստաալիքին հարցազրույցում։

«Դրական ուղերձներից բացի, մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել, որոնք երկու անգամ հանդիպում են ունեցել։ Նրանք մշտապես հեռախոսակապով ևս շփվում են։ Մենք քայլեր ենք ձեռնարկել վստահության հաստատման համար՝ ավիաթռիչքներ են մեկնարկել․․․

Կան նաև քաղաքական շփումներ։ Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական համաժողովին։ Ես կցանկանայի, որ երեքով հանդիպեինք (Ադրբեջանի ԱԳ նախարարի-խմբ․), սակայն Անթալիայում դա հնարավոր չեղավ... Անհնար է, որ ամեն ինչ մեկ օրում կարգավորվի»,- ասել է նա։

Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։

Մարտի 21-ին Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է․ «Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ»։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---