ՄԹ Համայնքների պալատի ՀՀ հետ բարեկամության խումբ. Ադրբեջանի ԶՈւ-ն ԼՂ-ում պետք է հետ քաշվի ելման դիրքեր

ՄԹ Համայնքների պալատի ՀՀ հետ բարեկամության խումբ. Ադրբեջանի ԶՈւ-ն ԼՂ-ում պետք է հետ քաշվի ելման դիրքեր

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորության Համայնքների պալատի ՀՀ հետ խորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտել է ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի ֆեյսբուքյան էջում։

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական զինուժի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, հատկապես՝ Փառուխի և Խրամորթի հատվածներում, որոնք չարդարացված են և սադրիչ: Տեղի բնակչությանն ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, և չխոչընդոտել գազամատակարարման վերականգնմանը։

Դա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, Ադրբեջանի կառավարությունը, փորձում է օգտվել Ուկրաինայում պատերազմի հետևանքով առաջացած անկայունությունից՝ կրկին իր անհիմն տարածքային պահանջները ներկայացնելով։

Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը խնդրի խաղաղ կարգավորմանը հասնել դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով: Իսկ մինչ այդ, Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին և դատապարտել ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպելու համար վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների ուղղությամբ, Bayraktar TB-2 կիրառել: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել է ագրեսիվ գործողությունների` փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---