ԱՀ նախագահ․ Ռուսական կողմի հետ շարունակվում են Փառուխից և Քարագլխից ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու ջանքերը

ԱՀ նախագահ․ Ռուսական կողմի հետ շարունակվում են Փառուխից և Քարագլխից ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու ջանքերը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի հերթական նիստում տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ շարունակվում են ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:

Քննարկվել են Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա:

«Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են:

Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն ընդգծել է, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է:

Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---