Զախարովա․ ՀՀ-ից պատգամավորների այցը ԼՂ համաձայնեցված չէր խաղաղապահների հետ

Զախարովա․ ՀՀ-ից պատգամավորների այցը ԼՂ համաձայնեցված չէր խաղաղապահների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ: Զախարովան այդպես է պատասխանել «ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հայ խորհրդարանականների այցի հետ կապված վերջին խնդիրների մասին» հարցին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«ՌԴ խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ։

Կարծում ենք, որ այն հայտարարությունները, թե խաղաղապահների գործողություններն իբր հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Ակնկալում ենք, որ կողմերը, հաշվի առնելով այն միջադեպերը, որոնք գրանցվել են խաղաղապահների պատասխանատվության գոտում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում, ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել տարածաշրջանի իրավիճակը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ապրիլի 12-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են մեկնարկած քառօրյայի նիստերը և մեկնում են Արցախ և ՀՀ սահմանամերձ շրջաններ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահները, թույլ չեն տվել ԱԺ պատգամավորներին մուտք գործել Արցախ՝ ունենալով նրանց անվանական ցուցակը։ ԱԺ պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ խմբակցությունների հետ Աղավնոյի անցակետի մոտ՝ դրսում, և ստիպված են եղել վերադառնալ Գորիս։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-ասվում էր հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---