Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է oգնել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության հասնել, նաև՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով

Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է oգնել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղության հասնել, նաև՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է oգնել ՀՀ-ին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու գործում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան առաջ մղելու գործին: Մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը, այդ թվում խաղաղ բանակցությունների նախապատրաստման դրական դինամիկան և սահմանների սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը: Ինչպես ապրիլի 5-ին այս երկու առաջնորդի հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ շարունակում ենք խրախուսել հետագա խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պետքարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են երկկողմ համագործակցության համախոհ գործընկերների հետ, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ օգնելու համար երկու պետությանը հասնելու երկարաժամկետ, համապարփակ խաղաղության»,-ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով ուկրաինական իրադարձությունների ֆոնին Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի դերի մասին հարցին՝ Փրայսն ընդգծել է. «Չեմ կարող ասել, թե ինչ դեր կարող է ստանձնել Ռուսաստանը, բայց կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք գործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հիմունքով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան հաստատակամ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նա հիշեցրել էր, որ փետրվարի 24-ից Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի շրջանակում։ Մինչդեռ իրական իրավիճակը Հարավային Կովկասում բանակցային դադարների տեղիք չի տալիս և հետագա հետևողական քայլեր են պահանջվում տևական խաղաղության և կայունության հաստատման համար տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---