Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում․ Շոկ էր տեսնել, որ Չավուշօղլուն հաղորդակցվում է թուրք ահաբեկչական կազմակերպության ժեստերով

Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում․ Շոկ էր տեսնել, որ Չավուշօղլուն հաղորդակցվում է թուրք ահաբեկչական կազմակերպության ժեստերով

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 25-ի լիագումար նիստում՝ անդրադառնալով նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստին, որը նա Ուրուգվայում ցույց է տվել ցուցարար հայերին։

«Պարոն նախագահ, նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով։ Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։ Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,-ասել է Արմեն Գևորգյանը։

Նա իր ելույթում նշել է, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ։

«Ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էին Հայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։

Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում էԹուրքիայի աջակցությամբ, այն է ՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը։

2020 թվականի աշնանն Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդը կանգնած է երկընտրանքի առաջ. կամ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կամ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում:

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարվա ընթացքում Նախիջևանի ամբողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին։

Ես կոչ եմ անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։

Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև ՀՀ նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին։

Ես հավատում եմ, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի։ Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը»,-ասվում է Գևորգյանի ելույթում։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուրուգվայում, թուրքական դեսպանատնից հեռանալիս, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանն է ցույց տվել մեքենայից՝ դեսպանատան մոտ ցույց անող հայերին։ Նա արել է դա լայն ժպիտով, իսկ մեքենայի մոտ գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարել են Չավուշօղլուին։

Ուրուգվայում հայ ցուցարարների հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ռասիստական ժեստի համար այդ երկրում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ԱԳՆ են կանչել։ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն դատապարտել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնամոլական ժետը, որը նա հասցեագրել է Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցի դուրս եկած հայերին։ Այդ մասին նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառման ժամանակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---