Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում․ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել ԼՂ հայերի էթնիկ զտումների վերջին փուլը

Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում․ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել ԼՂ հայերի էթնիկ զտումների վերջին փուլը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում, հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը։

Աղաջանյանը նշել է, որ ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար՝ հավելելով, որ ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ՝ խախտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, տեղեկացնում է RegionMonitor-ը։

«Մասնավորապես՝ հիմք ընդունելով Կառավարության պահանջը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները։ Չնայած վերոգրյալին, նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Որպես այդպիսին՝ 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանական ճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը։ Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձ բնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով»,- ասել է Աղաջանյանը:

Նա հավելել է, որ նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150,000 մարդ թողնելով առանց ջեռուցման, մոտ 1․5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։

Նա հավելել է, որ միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել 2 օր անց։

«Հարգելի գործընկերներ, վերոգրյալը էթնիկական զտման դասական օրինակ է։

Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից։

Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- եզրափակել է Աղաջանյանը։

Ընթերցեք նաև․ Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում․ Շոկ էր տեսնել, որ Չավուշօղլուն հաղորդակցվում է թուրք ահաբեկչական կազմակերպության ժեստերով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---