Դե Վաալ․ Հայ-թուրքական գործընթացը դանդաղում է, պատճառներից է նաև ՌԴ դիրքորոշումը

Դե Վաալ․ Հայ-թուրքական գործընթացը դանդաղում է, պատճառներից է նաև ՌԴ դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Քարնեգի հիմնարդամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական գործընթացն ընթանում է չափազանց դանդաղ: Դե Վաալը չի բացառում, որ դրա պատճառներից է նաև Ռուսաստանի դիրքորոշումը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մոսկվան մի կողմից շահագրգրված է, որ Հարավային Կովկասում վերաբացվեն ճանապարհային ենթակառուցվածքները, սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հարցականի տակ դնել ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարությունը Հայաստանում»,-ասել է վերլուծաբանը՝ հավելելով, որ դրա արդյունքում կվերանար Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման պատճառներից մեկը, քանի որ դրանք այնտեղ են Թուրքիայից պաշտպանելու համար:

«Այսպիսով, կարծում եմ, որ ռուսները բավականին ուշադիր հետևում են այս գործընթացին, և միգուցե դա ևս մեկ պատճառ է, որ գործընթացը դանդաղում է»,- ասել է նա:

Դե Վաալի կարծիքով, թե Երևանում, թե Անկարայում գիտակցում կա, որ այս գործընթացը վերաբերում է միայն երկու պետության հարաբերությունների կարգավորմանը և չի ներառում Հայոց ցեղասպանության հարցը, որը, ըստ նրա, կարող է կարգավորվել ապագայում:

«Ակնհայտ է, որ այս հիմնախնդիրը ստեղծում է բարդություններ, սակայն կարծում եմ, որ կան քաղաքական և տնտեսական պատճառներ, ինչի արդյունքում երկու կողմերը ձգտում են առաջ շարժվել»,- նշել է նա:

Դե Վաալը հույս է հայտնել, որ վերջին շրջանի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցային գործընթացներում հնարավոր դրական տեղաշարժերը կարող են նպաստել միմյանց:

«Եթե առկա է համաձայնություն ճանապարհների վերաբացման հարցում, որոնք կարող են սկսվել Ադրբեջանից, անցնել Մեղրիի շրջանով մինչև Նախիջևան, այնուհետև Հայաստանով նորից գալ Երևան և Գյումրի և անցնել Կարս, ապա դա շահեկան կլինի բոլոր երեք երկրների, ինչպես նաև Իրանի համար, քանի որ, չմոռանանք, որ այսպիսով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանը երկաթուղու միջոցով կմիանա Հարավային Կովկասին»,- ասել է նա:

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Նրանք փոխանակել են տեսակետներ տարբեր հարցերի վերաբերյալ ու քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---