Բեգլարյան․ Ադրբեջանական բեռնատարը միտումնավոր հանցագործություն է արել քաղմեքենայի հանդեպ

Բեգլարյան․ Ադրբեջանական բեռնատարը միտումնավոր հանցագործություն է արել քաղմեքենայի հանդեպ

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով ադրբեջանական շարասյան կողմից հայկական մեքենան վթարի ենթարկելու փաստին, գրել է, որ ադրբեջանական բեռնատարը միտումնավոր հանցագործություն է կատարել Մարտակերտի շրջանի ճանապարհով շարժվող «Թումո» կենտրոնի աշխատակիցների ավտոմեքենայի նկատմամբ:

Նա գրել է, որ այդ հանցագործությունից տուժել են «Թումո» կենտրոնի աշխատակիցները, որոնք մեծ աշխատանք են կատարում գյուղաբնակ երեխաների համար ավելի լավ կրթություն ապահովելու ուղղությամբ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ֆեյսբուքյան իր գրել է, որ հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։

«ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝

• Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։

• Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։

• Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտնվող ձորը։

Մեքենայի մեջ բացի վարորդից եղել է 2 ուղևոր։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վնասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---