Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում խաչքար է բացվել

Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում խաչքար է բացվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցի շրջանակում Հաագայում այցելել է Խաղաղության պալատ: Այստեղ վարչապետին դիմավորել է Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները:

Վարչապետը նախ շրջայց է կատարել Խաղաղության պալատում, այնուհետև վերջինիս բակում մասնակցել հայկական խաչքարի բացման արարողությանը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է իմ ազգի անունից կատարել հայկական խաչքարի բացումը՝ որպես նվեր Հայաստանից։ Սա պատմություն է, որը մենք այսօր կերտում ենք ձեզ հետ միասին, քանի որ հայկական խաչը կանգնեցվում է մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք։

Կա ավելի քան 50,000 խաչքար, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունը: Խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը 2010 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․․․

Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը։ Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում, թե այլուր։

Այս նվիրատվությունով Հայաստանը համարձակորեն վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:

Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները շնորհակալություն է հայտնել Խաղաղության պալատին հայկական խաչքար նվիրելու համար և վստահություն հայտնել, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի վերջինիս տարածքում:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---